Իմացող մարդիկ վստահեցնում են՝ եթե դուք սովորել եք խոսել, ուրեմն հաստատ ունեք երաժշտական լսողություն, այսինքն՝ պատշաճ ուշադրության և աշխատասիրության դեպքում, դուք կարող եք և՛ երգել, և՛ ընտանեկան հավաքույթների ժամանակ դաշնամուր նվագել, և՛ խարույկի շուրջ գրավել սրտեր՝ կիթառի օգնությամբ, և՛ շրթհարմոնով ապշեցուցիչ սոլո կատարել: Եթե ենթադրենք, որ աշխատասիրություն պահանջող մասն արդեն իրականացրել եք, իսկ երգելու համար պատշաճ ձայն չունեք, ապա երաժշտական աշխարհը նվաճելու ճանապարհի վերջին քայլն է գործիքի ընտրությունն ու գնումը: Դժվար թե որևէ մեկը կարողանա ձեզ օգնել ընտրություն կատարել: Այն, թե կոնկրետ ինչ գործիք է մեկը նվագում, հաճախ խոսում է նրա բնավորության մասին: Իսկ գնելուց արդեն կարելի է կողմնակի խորհուրդ ու օգնություն փնտրել:
Անկախ գործիքներ
Առաջին, անփորձ հայացքից՝ առանց երաժիշտ ընկերների հետ խորհրդակցելու, երևանցու մտքով միայն մի երաժշտական խանութ է անցնում՝ Կոմիտասի Musicland-ը: Խանութը գործում է ոչ ավելի ոչ պակաս 22 տարի՝ այնքան, որքան գոյություն ունի անկախ Հայաստանը: «1991-ին այս նույն տեղում ենք սկսել: Այն ժամանակ մոմի լույսով էինք աշխատում, երեք գործիք ունեինք՝ կիսամեռ ջութակ, ակորդեոն և սովետական կիթառ», — պատմում է Musicland-ի տնօրեն Արթուրը: Այժմ այստեղ «կիսամեռ» գործիքներ չես տեսնի, քանակն էլ երեքից շատ ավելին է: Սրահը հպարտանում է իր՝ քաղաքում ամենամեծ տեսականիով: Բացի այդ, այստեղ երաժշտական գործիքները կարելի է վարձել: Օրինակ՝ դաշնամուրի վարձույթն ամսական մոտ 30 հազար դրամ կարժենա: Այստեղ նաև վաճառվում և վարձով են տրվում լուսային և համերգային սարքավորումներ՝ դինամիկներ, պուլտեր և այլն:
Համերգային սարքավորումներ
Վարձով տրվող համերգային սարքավորումների մեծ ընտրանիով նաև աչքի է ընկնում Արամի փողոցում վերջերս բացված Yamaha սրահը: Սակայն այդ սարքավորումների մեծ մասը խանութում չես տեսնի՝ պետք է հարցնել, ճշտել: Այստեղ շատ լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին և նույնիսկ կարող են նեղանալ, եթե դուք պատահաբար գործիքները «տեխնիկա» անվանեք: «Դա համերգային սարքավորում է», — անպայման կուղղի խիստ տերը՝ Տիգրանը, ով իր գործի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ: Ինչպես կարելի է կռահել, սրահը Yamaha ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, և նույնիսկ երաժշտական գործիքներից ոչինչ չհասկացող լրագրողի համար այստեղի էլեկտրոդաշնամուրը և հարվածային գործիքները շա՜տ էլեգանտ տեսք ունեն: Այստեղ կարելի է նաև ձեռք բերել երաժշտական նվերներ՝ հայտնի երաժիշտների կիթառների փոքրիկ մոդելներ, նույնպիսի բրելոկներ և կիթառի ձև ունեցող սիրուն պայուսակներ:
Զեղչված կիթառներ
Աքսեսուարների ու երաժշտական հուշանվերների մեծ տեսականի կարելի է նաև գտնել Պուշկինի փողոցում՝ «Ֆորտե» խանութում: Նոտաներով բաժակները, սոլի բանալու ձևով մատիտները, տարբեր նախշերով կիթառի գոտիները և երաժշտական թեմայով կտորից պայուսակները խանութը դարձնում են դրախտ՝ ձեզ և ձեր ընկերների համար նվեր ընտրելու համար: Չնայած հուշանվերների մեծ ընտրանուն, այստեղ գերակա են գործիքներն ու «լուրջ» սարքավորումները: Դեռ 1998-ին բացված խանութը առանձնանում է շրթհարմոնների և ստեղնային գործիքների բավականին լավ ընտրանիով, բայց, ասում են՝ ամենաշատը վաճառվում են դասական կիթառները: Դրանք պատահաբար չեն հավաքված առանձին սենյակում: Ակուստիկ կիթառների գները սկսվում են 40 000 դրամից: Նաև արժի սպասել զեղչերի: Թեև ողջ տեսականու համար սեզոնային զեղչեր չեն լինում, բայց ինչ-որ կոնկրետ ապրանքանիշերի կամ սարքավորումների առանձին տեսակների զեղչերից օգտվել կարելի է: Բացի այդ, կարելի է անձնական զեղչ խնդրել՝ «սիրուն աչքերի համար»: Վաճառողները խոստովանում են, որ այդ տարբերակը հաճախ գործում է: Այստեղ վաճառվում են միայն նոր գործիքներ, այդ թվում նաև ազգային դուդուկը և զուռնան, որոնք հատուկ խանութի համար պատրաստում է տեղացի վարպետը: